14/04/2021 13:10
Նիկոլ Փաշինյանը Մովսես Հակոբյանին մեղադրեց 7-րդ պաշտպանական շրջանը հանձնելու փորձի մեջ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին մեղադրեց 7-րդ պաշտպանական շրջանը հանձնելու փորձի մեջ: Նա նաև մեկնաբանեց Հակոբյանի հայտարարությունը, թե պատերազմի ընթացքում ինքը հրահանգել է դադարեցնել զորահավաքը:
«Պատկերացնո՞ւմ եք իրավիճակ, երբ ուղիղ եթերում մարտակոչով հանդես ես գալիս, հենց ուղիղ եթերը դադարում է, գնում ես, հեռախոսով ասում՝ դադարեցրեք: Այդ հայտարարությունը անհեթեթ է, և հայտարության հեղինակը ինձ հետ պրոբլեմ ունի: Պրոբլեմն այն է, երբ նա բարձրաստիճան զինվորական լինելով, փորձում է հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը: Ես կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչ օրս հայկական ԶՈւ տրամադրության տակ է:
Այդ մարդը, որը կիսահիստերիկ վիճակում անընդհատ հարցազրույց է տալիս գեներալ-գնդապետի ուսադիրներով, իր հիմանական օպոնենտը համարում է կնոջը, գիտեք՝ ում կնոջը: Կարծում եմ՝ բազմաթիվ խնդիրներ ու բարդույթներ ունի: Դեռ շատ հարցերի պիտի պատասխանի», - նշեց վարչապետը:
Փաշինյանը կատարյալ անհեթեթություն համարեց լուրերը, թե ինքն ասել է՝ պետք է գրավել Լելե Թեփնեն և 700 զոհ է եղել։ Նա նշեց՝ այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ: