14/04/2021 08:05
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են այցելել Ղարաբաղ, սակայն պահանջում են ապահովել մուտքի և տեղաշարժի առավելագույն ճկունություն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ գոհունակությամբ նշելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդումը:
Նրանք նշել են, որ ուշադիր հետևում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կատարման ընթացքին:
«Համանախագահները ողջունում են զոհերի աճյունների վերադարձման գործում նշանակալի ձեռքբերումները և հակամարտության պատճառով տեղահանվածների վերաբնակեցման շարունակական առաջընթացը, հումանիտար օգնության տրամադրումը և համարժեք կենսապայմանների ապահովումը, ինչպես նաև կառուցողական քննարկումները՝ ապաշրջափակման նպատակով տրանսպորտային և կապի ուղիների բացման ուղղությամբ ողջ տարածաշրջանում», - ասվում է հայտարարության մեջ:
Համանախագահները կողմերին հիշեցնում են, որ անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր` լուծելու մնացած հիմնախնդիրները և ստեղծելու փոխվստահության մթնոլորտ, որը նպաստում է կայուն խաղաղությանը:
«Սա ներառում է, մասնավորապես, բոլոր ռազմագերիների և այլ կալանավորների վերադարձին վերաբերող հարցեր, միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների համաձայն, հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակում, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացում, այդ թվում` միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանում և պաշտպանություն, հակամարտության արդյունքում տուժած համայնքների միջև անմիջական կապի հաստատում և համագործակցություն, ինչպես նաև մարդկանց միջև վստահություն ստեղծելու այլ միջոցառումներ», - ասված է հայտարարության մեջ։
Համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել խնդրի վերջնական, համապարփակ և կայուն կարգավորմանը` հիմնված այն տարրերի և սկզբունքների վրա, որոնք լավ հայտնի են կողմերին:
«Այս առումով համանախագահները կողմերին հորդորում են հնարավորինս շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Նրանք կրկնում են իրենց հովանու ներքո ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ քննարկեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները արտացոլող կառուցվածքային օրակարգն առանց նախապայմանների», - ասված է հայտարարության մեջ:
Համանախագահները նաև իրենց աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական գործունեությանը և հնարավոր ընդլայնմանը, և կողմերին կոչ են անում աջակցել նրա ջանքերին:
Համանախագահները շեշտում են իրենց պատրաստակամությունը վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, իրենց գնահատման և միջնորդական գործառույթները կատարելու համար:
Այս առումով համանախագահները կողմերին հիշեցնում են համանախագահների համար անարգել մուտքն ու երթւղիների առավելագույն ճկունությունն ապահովելու պահանջը՝ համաձայն իրենց մանդատի և անցյալի պրակտիկայի: