14/04/2021 14:34
Մեծ Բրիտանիան Աֆղանստանից դուրս կբերի իր գրեթե բոլոր զինվորականներին
Մեծ Բրիտանիան Աֆղանստանից դուրս կբերի ռազմական իր գրեթե ամբողջ կազմը, գրում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ Աֆղանստանում կա շուրջ 750 բրիտանացի զինվորական, և այնտեղ նրանց հետագա ներկայությունը կբարդանա տարածաշրջանից ամերիկացի զինվորականների դուրս գալուց հետո:
Դա պայմանավորված է այն փաստով, որ բրիտանական զինուժը հիմնականում ապավինում է Աֆղանստանում ԱՄՆ հենակետերին և ենթակառուցվածքներին, պարզաբանում է աղբյուրը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ երկիրը կկարողանա իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից մինչ մայիսի 1-ը, բայց «դա դժվար կլինի»: Նրա խոսքով ՝ իշխանությունները դեռ վերջնական որոշում չեն կայացրել:
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի խոսքերով՝ մինչ մայիսի 1-ը նախատեսվում է դուրս բերել մնացած զորքերը, իսկ այս գործընթացն ավարտել սեպտեմբերի 11-ին: