14/04/2021 17:12
Հայաստանը երբեք չի խուսափել հանդիպումներից, Ադրբեջանը հայատյաց հայտարարություններով խոչընդոտում է. ԱԳ նախարար
Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է, այն է, որ միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ԱԳ նախարար Արա Այվազյանը։
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փաստում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվել և կոչ են անում քայլեր ձեռնարկել մարդասիրական իրավունքի շրջանակներում գերիների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձության, միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ Արցախ անարգել մուտք գործելու և մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության վերաբերյալ։ Սա հերթական կոչն է Ադրբեջանին՝ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր վրա վերցրած հանձնառությունները, միջազգային պարտավորությունները և հրաժարվել ապակառուցողական դիրքորոշումներից», - ասաց ԱԳ նախարարը։
Ինչ վերաբերում է համանախագահների կոչին, որ պետք է բարձր մակարդակով անհապաղ խորհրդակցություններ սկսել, ԱԳ նախարարն ասաց, թե Հայաստանը երբեք չի խուսափել հանդիպումներից, բայց որպեսզի դրանք տեղի ունենան, նախևառաջ պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար և հստակ օրակարգ ձևակերպել։
«Ադրբեջանն իր ապակառուցողական, հայատյաց հայտարարություններով և դիրքորոշումներով խոչընդոտում է նման մթնոլոտի ձևավորմանը։ Ուժեղ համանախագահությունը կարող է նպաստել այդ վսահության մթնոլորտի ձևավորմանը», - ասաց Արա Այվազյանը։