14/04/2021 18:39
«Երբ իմացա, որ Հադրութն այլևս թշնամունն է, այդ պահին իմ մանկությունն ավարտվեց». Ժասմին Հայրապետյան՝ 14-ամյա աղջիկ, ով արդեն 3 գրքի հեղինակ է
Ժասմինը ծնունդով Արցախի Հադրութ քաղաքից է։ Այնտեղ են մնացել նրա հայրական տունը, տատիկ-պապիկի գերեզմանները, նրա մանկության այգին, խաղալիքներն ու հիշողությունները։
Ժասմին Հայրապետյանն այսօր Հայաստանում միակ երեխան է, ով 14 տարեկանում արդեն 3 գրքերի հեղինակ է։ Նրա «Սուպեր Նռանե» ֆանտաստիկ վիպակը, որն, ի դեպ, սկսել է գրել 11 տարեկանում, դարձել է բեսթսելեր։
Հազարավոր երեխաներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, ձեռք են բերել ու շարունակում են ամենօրյա ռեժիմով ձեռք բերել այդ գիրքը։ Երևան քաղաքի և շրջանների տասնյակ դպրոցներում ու գրադարաններում «Սուպեր Նռանե» գրքի քննարկումներ և հեղինակի հետ հանդիպումներ են կազմակերպվել, գրքի արևմտահայերեն տարբերակի շնորհանդեսը տեղի է ունեցել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, այս պահին գիրքը թարգմանվում է նաև ռուսերեն լեզվով։
«Նռանեն ինձ համար հայ աղջկա, հայ կնոջ հավաքական կերպարն է՝ հայրենասեր, ինքնավստահ, երազող, նպատակասլաց, սիրող, ներող ու քաջ։ Ես այդպիսինն եմ տեսնում այն հայ աղջկան, ով տղամարդու հետ թիկունք-թիկունքի տված փրկում է մեր երկիրը», - ասում է Ժասմինը։
Մի քանի օր առաջ լույս է տեսել Հայ-սուպերհերոսուհու մասին այս սիրված պատմության արդեն երրորդ մասը։ Եվ իհարկե, պատահականություն չէ, որ այս անգամ պատմության հիմքում Արցախում ու Հայաստանում տիրող իրավիճակն է։ Այս անգամ էլ «Մութ ու չար ուժերը» մեծ ու հզոր հարձակում են գործել «Բարու և լույսի» աշխարհի վրա։ Նրանք իրենց ճանապարհին չեն խնայում ոչ ոքի ու ոչինչ․ ավիրում են քաղաքներն ու գյուղերը, սպանում ու գերևարում են մարդկանց։
Նռանեն ու Գոդը կրկին պայքարի մեջ են, սակայն այս անգամ պայքարը շատ ավելի դաժան է, որովհետև «Բարու և լույսի աշխարհը» ներսից ճաք է տվել: Պարզվում է, որ մարդիկ կորցրել են, մոռացել են հինգ կարևոր արժեքների մասին, որի պատճառով էլ թուլացել է բարության աշխարհի էներգետիկ դաշտն ու ներսում դավաճաններ են հայտնվել։
Նռանեն ու Գոդը պետք է կարողանան գտնել այդ կարևոր հինգ արժեքները և վերադարձնեն դրանք մարդկանց, ու միայն ա՛յդ ժամանակ բարության աշխարհի էներգետիկ դաշտը կկարգավորվի, և բարին կրկին կհաղթի չարին։
Հատկանշական է, որ հայ-սուպերհերոսուհին չար ու մութ ուժերի դեմ պայքարում է հայկական սիմվոլներով՝ Ծիրանի կորիզ, «Նարեկ» , Նռան հատիկներ, Արցախյան «Արծվագորգ» , Մասիս սարը, Արարտի վրայի Հակոբաց աղբյուրի ջուրը, Հայկական արծիվը, դուդուկը և այլն։
Իր երազանքի մասին խոսելիս Ժասմինն ասաց.
« Եթե այդ մասին ինձ մեկ տարի առաջ հարցնեիք՝ հավանաբար շատ ուրիշ բաներ կասեի, բայց հիմա միայն մեկ երազանք ունեմ․ ուզում եմ բարբարոսներից ազատագրված տեսնել իմ Հադրութը, ուզում եմ վերդառնալ, մտնել մեր տունը, գրկել մեր լեռները, շնչել մեր մաքուր օդը, այցելել տատիկս ու պապիկիս գերեզմաններին։ Մտածում եմ՝ տեսնես մեր ընտանեկան ալբոմներն ի՞նչ եղան, իմ մանկության խաղալիքներն ի՞նչ եղան, մեր տունը մնո՞ւմ է, թե՞ վառել են, իմ հիշողությունները մնո՞ւմ են, թե՞ թալանել տարել են»։
«Երբ իմացա, որ Հադրութն այլևս թշնամունն է՝ այդ պահին իմ մանկությունն ավարտվեց»։
Նա հուզվեց, նրա հետ հուզվեցինք և մենք, ու բոլորիս մտքում այդ պահին միայն մի աղոթք էր՝ Տեր լսիր մեր ձայնը․․․