15/04/2021 13:23
Դատախազությունը հաստատեց՝ ԲԴԽ նախագահի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. մանրամասներ չեն հաղորդի
ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատեց՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
«Մանրամասներ չեմ կարող ասել, գործ կա հարուցված», - Aysor.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհդական Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Ելնելով վերոնշյալ իրավակարգավորումներից՝ հարուցված քրեական գործի, դրա շրջանակներում իրականացվող գործողությունների մասին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում», - ասաց նա։
Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի համաձայնությանը, գլխավոր դատախազի խորհրդականն ասաց, որ դատավորի պարագայում առկա է երկու ռեժիմ։
«Եթե քրեական գործը, հարուցվող քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը, նման համաձայնություն ստանալու խնդիր չի առաջանում։ Տվյալ դեպքում գործ ունենք նշածս դեպքի հետ», - հավելեց Գոռ Աբրահամյանը։