15/04/2021 12:20
Հայաստանն Իրանում առևտրային կցորդ կունենա
Հայաստանն Իրանում առևտրային կցորդ կունենա. Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Ըստ կառավարության՝ ներկայումս միտում կա ընդլայնելու առևտրատնտեսական համագործակցության ոլորտներն, ակտիվացնելու փոխադարձ այցերը և համատեղ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև գործակցել ԻԻՀ ավանդական գոծընկերային նահանգների և ԻԻՀ այլ խոշոր նահանգների ու քաղաքների հետ:
«Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ վերջին ժամանակահատվածում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքներով ներկայումս աշխատանքներ են իրականացվում հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2020 թվականին կազմել է 400,2 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ արտահանումը Հայաստանից Իրան կազմել է 84,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 315,4 մլն ԱՄՆ դոլար», - ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Հայաստանից Իրան կգործուղվի համապատասխան պաշտոնյա գիտակ անձ՝ առևտրական կցորդ, ով պատշաճ և մշտական հիմունքներով կարող է ապահովել Հայաստանի տնտեսավարների շահերի պաշտպանոււթյունն իրանական շուկայում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում սպասվում է ծախսերի և եկամուտների փոփոխություն։