15/04/2021 11:15
Սոցապնախարարությանը 7 միլիարդ 548 հազար դրամ հատկացվեց. Արցախցիներին են աջակցելու
Կառավարության այսօրվա նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն առաջարկեց ՀՀ կառավարութան պահուստային ֆոնդից իր նախարարությանը հատկացնել 7 միլիարդ 548 հազար դրամ։
Նա ասաց, թե գումարի նպատակը լինելու է Արցախի Հանրապետության քաղաքացիներին աջակցության 4-ամսյա ծրագրի ֆինանսավորումն ապահովելը։
«Մասնավորապես, 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է 68 հազար դրամ, բացառությամբ 18-ից 63 տարեկան տղամարդկանց», - ասաց նա։
Նախարարը նշեց, որ մինչև այժմ Արցախին տրամադրված աջակցությունների ծավալը կազմում է մոտ 33 միլիարդ դրամ։
Առաքելյանի խոսքով՝ ևս մոտ 22 միլիարդի որոշում կա։
«Ընդհանուր առմամբ՝ տրամադրված ու կառավարության որոշումներով հաստատված հատկացումները կազմելու է 55 միլիարդ դրամ», - ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
Նա ասաց, թե մի քանի հարյուր քաղաքացի աջակցության ծրագրերից դուրս է մնացել, բայց կանեն ամեն ինչ, որ դառնան ծրագրի շահառու։