15/04/2021 18:16
Մեսին օգնել է 50 հազար չափաբաժին կորոնավիրուսի պատվաստանյութ գնել Հարավային Ամերիկայի ֆուտբոլիստների համար
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին օգնել է գնել կորոնավիրուսի պատվաստանյութ հարավամերիկացի ֆուտբոլիստների համար, հաղորդում է The Guardian-ը: Ընդհանուր առմամբ գնվել է 50 հազար չափաբաժին:
Նշվում է, որ չինական Sinovac դեղագործական ընկերության հետ պայմանագիրը ստորագրվել է այն բանից հետո, երբ Լիոնել Մեսին չինական կողմին նվիրել է ինքնագրերով երեք մարզաշապիկ: Գործարքը կնքվել է Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պոուի միջնորդությամբ:
«Sinovac-ի ղեկավարներն իրենց հիացմունքն են հայտնել Լիոնել Մեսիին, որը սիրով մեզ ուղարկել է երեք մարզաշապիկ։ Այնպես որ, սա նաև նրա նվաճումն է», - Twitter-ում գրել է Հարավային Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի (CONMEBOL) պաշտոնական ներկայացուցիչ Գոնսալո Բելոզուն:
Մեսին ներգրավված է Հարավային Ամերիկայի բոլոր ֆուտբոլիստներին պատվաստելու ծրագրում՝ այս ամառ անցկացվելիք Ամերիկայի գավաթի խաղարկությանն ընդառաջ։