15/04/2021 16:31
Ադրբեջանի՝ գերիներին հայրենիք չվերադարձնելու հարցը խոչընդոտում է տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացմանը. Միրզոյան
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։
«Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները շարունակում են կայուն զարգացում ապրել տարբեր ոլորտներում», - ասել է Արարատ Միրզոյանը։
Նա իր ռուս գործընկերոջը ներկայացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարևորությունը:
ԱԺ նախագահի խոսքով՝ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար: