15/04/2021 14:17
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կհարցաքննվի սահմանադրական կարգը տապալելու քրեական գործով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու, այս մասին տեղեկացնում է Արցախի դատախազությունը։
«Արցախի նախագահը հարցաքննության է հրավիրվելու Արցախի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով:
Հարցաքննության օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն», - նշված է ԱՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածը վերաբերում է Սահմանադրական կարգը տապալելուն.
Սահմանադրական կարգը տապալելը
1. Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասով, 2-6-րդ հոդվածներով կամ 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: