15/04/2021 11:50
Հանուն ուժեղ տնտեսության՝ կառավարությունն առաջարկում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը, 7-ը. «Խուճապի չմատնվել» (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի՝ ոչ աշխատանքային օրերի ցուցակից առաջարկվում է հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը, 7-ը։
Նա ասաց, թե այս նախագիծն ուղղված է ՀՀ ուժեղ տնտեսության կայացմանը։
«Այն կարգավորումները, որ մենք ունենք այսօր, ՀՀ տնտեսական կյանքից, ըստ էության, ջնջում են տասը օր, որի ընթացքում խրախճանքի տասնօրյակ է հայտարարվում, այսօրվա Հայաստանի ապագայով հետաքրքրված ու դրա համար պատասխանատու յուրաքանչյուր անձ չի կարող թույլ տալ նման շռայլություն», - ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ այս օրենքի ընդունման դեպքում ՀՀ տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 միլիարդ դրամով կամ մոտ 1,5 տոկոսով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց խուճապի չմատնվել առաջարկից:
«Այս թեման շատ վաղուց հասունացած ու քննարկվող թեմա է։ Առաջարկում ենք այսօրվանից թեման քննարկել ու հասկանալ, թե ինչ հանրային համաձայնություն կարող ենք ձևավորել, ինքը շատ նուրբ, բայց կարևոր հարց է», - ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ նախագիծը պետք է ընթերցումներ անցի Ազգային ժողովում։
«Սա եկեք ընդունենք ոչ թե վերջնական քաղաքական որոշում, այլ՝ ավելի շատ առաջարկ, որն ավում է հանրությանը, մեզ բոլորիս», - ասաց վարչապետը։