16/04/2021 13:56
Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով անպայման ստեղծվելու է, բայց պետք է մի փոքր սպասել. իմքայլական պատգամավոր
Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով անպայման ստեղծվելու է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Միայն թե, պատգամավորը կարծում է, որ հանձնաժողովի ստեղծման աշխատանքներում պետք է մի փոքր սպասել:
«Քննիչ հանձնաժողովն ունի ստեղծման ժամանակ: Ե՞րբ պետք է ստեղծվի՝ հիմա՞, մեկ ամիս հետո՞, թե՞ մեկ ամիս առաջ պետք է ստեղծվեր: Ես գտնում եմ, որ պետք է մի քանի ամիս սպասել՝ ոչ այդքան երկար: Պատերազմի ընթացքում հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր: Դրանց թիվը հարյուրավոր է, եթե չասեմ՝ հազարավոր: Այդ գործերով նախաքննություն է իրականացվում», - նշեց նա:
Օրենսդրի ներկայացուցչի խոսքով՝ եթե քննիչ հանձնաժողովը հիմա ստեղծվի, չեն կարողանալու ապացույցներ հավաքել: Ասում է՝ ապացույցների մի մասն արդեն քրեական գործերում են, դրանք չեն կարող տրամադրվել, մյուս մասը դեռևս ուսումնասիրության, գնահատման փուլերում են:
Խաչատրյանը նշեց. «Պետք է սպասենք՝ նախաքննական մարմիններն ավարտեն իրենց աշխատանքները, ինչը մեծ օգնություն կլինի քննիչ հանձնաժողովի համար: Քննիչ հանձնաժողովի լիազորությունները սահմանափակ են, չի կարող կամայական ամեն մեկին հրավիրել, բացատրություն, ցուցմունք վերցնել»: