16/04/2021 14:26
«Բացառել ընտրակաշառքների որևէ հնարավորություն». Փաշինյանը համոզված է՝ Ոստիկանությունը կկարողանա ապահովել քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը
Առաջիկայում շատ կարևոր անելիք կա, մեզ սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Ոստիկանության օրվա առթիվ հրավիրված կոլեգիայի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հույս ունեմ և համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, Ոստիկանությունը կկարողանան ապահովել իրավակարգը, օրինականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը», - ասել է նա։
Փաշինյանը նշել է՝ սկսած 2018թ.-ից իրավապահ մարմինների, այդ թվում՝ Ոստիկանության հետ իր բոլոր շփումներում և՛ դռնբաց, և՛ դռնփակ, խնդիրը, որ առաջադրվել է՝ եղել է հետևյալը. ապահովել ընտրությունների օրինական ընթացքը, ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտության համար բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել բոլոր ընտրակաշառքների և ընտրողների կամքի վրա ապօրինի ներազդեցության որևէ հնարավորություն:
«Եվ ես համոզված եմ, որ մենք միասին այդ խնդիրը կկարողանանք լուծել», - ասել է վարչապետը։