16/04/2021 17:28
Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա գործով ՍԴ-ն որոշեց կարճել վարույթը
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց գործի վարույթը կարճել, հայտնում են Սահմանադրական դատարանից։
Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։
Գևորգ Կոստանյանը դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի մի քանի հոդվածների Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։
Հոդվածները վերաբերում են խափանման միջոց կիրառելու, որպես մեղադրյալ ներգրավելու հիմքերին և կարգին, մեղադրյալի հետախուզմանը և վերաքննիչ դատարանի լիազորություններին։
Ըստ ներկայացված դիմումի՝ նախկին գլխավոր դատախազը բարձրաձայնում էր հետևյալ հոդվածների համապատասխանությունը Սահմանադրությանը․
ՔԴՕ 135-րդ հոդվածի 1-ին մաս․ Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից։
ՔԴՕ 202-րդ հոդվածի 1-ին մաս․ Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է:
ՔԴՕ 259-րդ հոդվածի 2-րդ մաս․ Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ, կամ մեղադրյալը թաքնվում է քննությունից, ապա քննիչն իր որոշմամբ հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության մարմիններին` երկօրյա ժամկետում նշված որոշման հետ միաժամանակ վերջիններիս ուղարկելով քրեական գործ հարուցելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ որոշումների պատճենները, հետախուզվողի դատվածության ստուգման պահանջագիրը, հետախուզվողի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը, ինչպես նաև խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշման պատճենը, եթե այդպիսին առկա է:
ՔՕ 75-րդ հոդվածի 3-րդ մաս․ Քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակել էր Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։ Ըստ փաստաթղթի՝ Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։
Ըստ Թովմասյանի հրապարակած փաստաթղթի՝ Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը անհիմն քաղաքական գործ են սարքել ու այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել։
Գևորգ Կոստանյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, թե այն մարդիկ, ովքեր զբաղվում են Մարտի մեկի գործով, գրագիտության հետ առնչություն չունեն։
«Հիմա եկել է իրենց պատասխան տալու ժամանակը: Այս փաստաթղթի առկայությունը հենց այն է, որ իրենք միջազգային պատասխանատվության են նաև ենթարկվելու, այդ թվում, միջազգային քրեական պատասխանատվության», - հայտարարել էր Կոստանյանը։
Ապրիլի 9-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին փաստաբանների բողոքը:
Գևորգ Կոստանյանի փաստաբանը որոշումը համարում է ակնհայտ ապօրինի։