16/04/2021 19:56
Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում
Ադրբեջանական սոցիալական ցանցերում դեռ նոյեմբերի 24-ին տեսանյութեր տարածվեցին հայ գերիների մասնակցությամբ, որոնց մեջ էր նաեւ Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ 18-ամյա Էրիկ Մխիթարյանը: Էրիկը բանակ էր զորակոչվել 2020թ.-ի հուլիսի 8-ին, գրում է Armtimes.com-ը։
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին՝ Ջաբրայիլում (Ջրական), Արա Լեռում և Հադրութում, վերջին անգամ ընտանիքի հետ կապ էր հաստատել հոկտեմբերի 8-ին Հադրութից:
Նոյեմբերի 24-ին սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութից հայտնի դարձավ, որ տղան գերեվարվել է: Ընտանիքի անդամները տղայի վերադարձման պահանջով ու ակնկալիքով դիմել էին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ, Մարդու իրավունքների պաշտպանին, բոլոր հնարավոր կառույցներին ու խնդրով զբաղվող անձանց: Չնայած այն հանգամանքին, որ տղայի գերեվարման մասին տեսանյութեր հրապարակել էին հենց ադրբեջանական կողմից, սակայն Կարմիր խաչի հարցումներին այդպես էլ դրական պատասխան չէին տվել, ասել է թե, տղայի գերեվարման փաստը ադրբեջանական կողմը չէր հաստատել:
Մինչ ընտանիքը ամեն րոպե սպասում էր Էրիկին հայրենիք վերադարձնելուն՝ ապրիլի 8-ին հաստատվել է տղայի մահվան լուրը: ԴՆԹ երեք հետազոտություններն էլ դրական պատասխան են տվել: Էրիկը մահացել է, իսկ դին գտել են որոնողական աշխատանքների ժամանակ: Այս տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին Էրիկի հարազատները:
Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ողջ ու առողջ վիճակում գերեվարված զինծառայողը այսօր մահացած է: Ստացվում է՝ Էրիկին պարզապես սպանել են գերի վերցնելուց, տեսանկարահանելուց ու սոցցանցերում հրապարակելուց հետո: