17/04/2021 13:56
«ԿԳՄՍ-ից զանգահարել և սպառնացել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիանա Մխիթարյանին՝ չեղարկել ներկայացումը». Վահրամ Սահակյանն ահազանգում է
Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնին ԿԳՄՍ նախարարությունն արգելել է բեմ տրամադրել դրամատուրգ Վահրամ Սահակյանին, այս մասին տեղեկանում ենք Վահրամ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Հազարավոր հանդիսատեսների, մտավորականների կողմից դիտված, սիրված և գնահատված «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրամայի ապրիլի 19 և 20-ին կայանալիք ներկայացումները չեղարկելու համար՝ հանցավոր կերպով զանգահարել և սպառնալով վախեցրել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիանա Մխիթարյանին՝ կնշանակի դա արել են թատրոնին վերադաս հիմնարկությունից։
Դա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է։
Այդ առիթով, ես նամակներ եմ ուղարկել նախարարին և նրա տեղակալներին, որպեսզի նրանք պատասխանեն, թե կոնկրետ իրենցից ո՞վ է դա արել։
Վահրամ Դումանյան, Արայիկ Խզմալյան, Արթուր Մարտիրոսյան, Ժաննա Անդրեասյան, Կարեն Գիլոյան, Կարեն Թռչունյան։
Եթե մեկ ժամվա ընթացքում կոնկրետ պատասխան չստացա՝ ուրեմն այս խայտառակության համար պատասխանատու են վերը նշված անձինք կամ անձանցից մեկը։
Հիշեցնում եմ, որ ներկայացում արգելելու դեպքը տեղի է ունեցել ոչ թե նացիստական Գերմանիայում, ոչ թե Ստալինյան ռեժիմի օրոք և ոչ էլ Հյուսիսային Կորեայում։
Դեպքը տեղի է ունեցել 21-րդ դարում, ժողովրդավարական հռչակած ՀՀ-ում. չեղարկվել է հայրենասիրական ներկայացում։
Մինչև դատական գործընթաց սկսելը ես այս ամենի մասին տեղյակ կպահեմ այսօր՝ հեռուստատեսային ալիքներով և համացանցով։ Բացի մեր փաստաբաններից՝ գործին կցվում են նաև երկու ֆրանսիացի փաստաբաններ։
Ժամը 14-ին կրկին կմանրամասնեմ իրավիճակը», - գրել է Վահրամ Սահակյանը: