17/04/2021 13:02
Արշակ Կարապետյանին ԳՇ պետի առաջին տեղակալ նշանակելու հարցով Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է Վարչական դատարան՝ Արշակ Կարապետյանին իրավուքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով։
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին:
ՀՀ կառավարությունն ապրիլի 13-ին հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:
Կարապետյանը, մինչ ադ, զբաղեցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնը։ Ապրիլի վեցին, սակայն, նա ազատվեց այդ պաշտոնից։
Կարապետյանը նախկինում զբաղեցնում էր Զինված ուժերի ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը։
Հայաստանի Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ նաև պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Խաչատրյանը ևս մեկ հայցադիմումն էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի։ Տիրան Խաչատրյանը պահանջում է անվավեր ճանաչել ՊՆ նախարարի՝ փետրվարի 26-ի հրամանը, որի համաձայն՝ ինքը թողնվել է կադրերի ռեզերվում։
Հիշեցնենք՝ Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից վարչապետի առաջարկությամբ։ Խաչատրյանն ազատվել էր այն բանից հետո, երբ արձագանքել էր «Իսկանդերի» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ասելով. «...ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել»։
Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ էր նշանակվել 2020 թ. հունիսի 15-ին։
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ 2020 թ. հոկտեմբերի 22-ին Տիրան Խաչատրյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար։