17/04/2021 11:24
Վստահ եղեք՝ Սիմոն Մարտիրոսյանը դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս. Փաստաբան
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը հասարակության շրջանում հուսահատ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել, շատերը նույնիսկ մտահոգություն են հայտնում առաջիկա օլիմպիական ոսկին կորցնելու հավանականության մասին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարտիրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ նրան համապատասխան դատավարական կարգավիճակ տալը բխում է քրեական գործով օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն ապահովելու օրենսդրական պահանջից, ուստի խնդրում եմ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը չնույնացնել մեղադրական դատավճռի հետ։
Վստահ եղեք՝ Սիմոն Մարտիրոսյանը դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս, իսկ մնացածի մասին կխոսենք հետագայում՝ ինչպես խոստացել ենք», - նշել է Ասլանյանը։
Հիշեցնենք՝ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Չեմպիոնը փախուստի չէր դիմել, զանգահարել էր ոստիկանություն, շտապօգնություն, ապա օգնել, որ վրաերթի ենթարկվածին տեղափոխեն հիվանդանոց: