19/04/2021 16:04
Ջազի միջազգային օրն այս տարի կնշվի Սիրահարների այգում, հանդիսատես-բեմ սահմանը չի լինի. մանրամասնում է նախաձեռնության հեղինակը
2011 թ-ից հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 30-ը հռչակել է Ջազի միջազգային օր: Արդեն 10 տարի է Ջազի միջազգային օրվան միացել է նաև մեր երկիրը: Նախաձեռնության հեղինակը Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն է, նրա հետ զրուցել ենք 9 տարի շարունակ ապրիլի 30-ին ջազի սիրահարներին տոն նվիրելու նախաձեռնության, արված աշխատանքի, հաջողությունների մասին, և թե ինչպես է Ջազի միջազգային օրը 10-րդ անգամ նշվելու Երևանում:
- Պարոն Մովսեսյան ինչպե՞ս ստացվեց, որ 10 տարի առաջ Հայաստանը ևս միացավ Ջազի միջազգային օրվան:
- 2011 թվականի աշնան վերջն էր, որ տեղեկություն տարածվեց, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշել է ապրիլի 30-ը հայտարարել ջազի միջազգային օր: Որպես երաժշտասեր, մտածեցի՝ ինչու ոչ, կարելի է այն նշել նաև Երևանում: Այդ ժամանակ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետն էի, առաջարկեցի քաղաքապետ Կարեն Կարապետյանին քաղաքապետարանի միջոցառումների ցանկում ամեն տարի ներառել Ջազի միջազգային տոնը՝ քաղաքին մշակութային ուրույն գույն տալու և երիտասարդներին ոգևորելու նպատակով: Ջազի միջազգային օրը նշելու հենց առաջին տարվանից էլ` 2012-ի ապրիլի 30-ից, Երևանը այդ ամսաթիվը դարձրեց ջազմենների ու ջազի սիրահարների հանդիպամն անփոփոխ օր: Վայրն էլ որոշվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հարակից պուրակը /Կասկադի պուրակը/:
- Այս տարիների ընթացքում առիթներ եք ունեցել համոզվելու, որ աշխարհի տարբեր անկյուններում ապրում են նաև այնպիսի հայ ջազմեններ, որոնք բավականին հայտնի են ու սիրված: Ինչպե՞ս գտաք օրինակ Մակեդոնիայում ապրող հայտնի Թավիջյան եղբայրներին, որոնք մինչև այդ երբեք չէին եղել Հայաստանում:
- Երբ առաջին անգամ տեսա Տիրան և Կարո Թավիջյան եղբայրների համերգը համացանցում, թե որքան մարդ էր ներկա և ինչպես էին ընդունում, շատ տպավորված էի, ոգևորորված: Մենք ունեինք այդպիսի տաղանդավոր ջազմեն հայրենակիցներ, որոնց մեր երկրում նույնիսկ չէին ճանաչում: Կապվեցի նրանց հետ և սիրով համաձայնեցին գալ Հայաստան: Հենց Թավիջյան եղբայրներն էլ եղել են մեր առաջին միջազգային հյուրերը, որոնք եկան մակեդոնացի մի երաժիշտի հետ: Բավականին հետաքրքիր տրիո էր: Նրանց համար կարծես բացահայտում էր Հայաստանը, մենք փաստորեն նպաստեցինք, որ հայ երաժիշտները կապվեն հայրենիքի հետ, ճանաչեն այն: Երևան այցի ընթացքում նույնիսկ ցանկություն հայտնեցին կատարել Կոմիտասի գործերից` ջազային մշակումներով: Հրաշալի համերգ էր, ոգևորված գնացին: Ի դեպ Թավիջյանները հրաժարվեցին իրենց հոնորարից` նշելով, որ սա իրենց հայրնիքն է և չեն կարող գումարի դիմաց ելույթ ունենալ: Այդ հանդիպումը մեզ էլ ոգևորեց և որոշեինք, որ ամեն անգամ ապրիլի 30-ին պիտի պարտադիր արտերկրից մի երաժիշտ հյուր ունենաք:
- 10-ը տարի է անցել և այդ ընթացքում Ջազի միջազգային օրը բազմաթիվ հայտնի ջազմեններ են եկել Երևան՝ Ռիչարդ Բոնանն, Չիկո Ֆրիմանը, դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբան, դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանը: Ինչպե՞ս էր հաջողվում նրանց բերել Հայաստան:
- Հաջորդ հայտնի ջազմենը, որ եկավ Հայաստան, բասկիթառահար Ռիչարդ Բոնան էր: Նրա հետ բավականին երկար բանակցություններ էին ընթանում, քանի որ երբեք Հայաստանում չէր եղել և ծանոթ չէր մեր երկրին: Առաջին հանդիպումը եղավ «Yerevan Jazz Fest»-ի ժամանակ` 2015թ-ին, ապա դա առիթ դարձավ, որ հրավիրենք նաև Ջազի միջազգային օրը: Քանի որ շրջել էր Հայաստանում, ծանոթացել ճատրարապետական գոհարներին, հայկական խոհանոցին, ջերմ հյուրընկալությանը, մեկնելուց առաջ ասաց՝ չէր կարող պատկերացնել, որ այսպիսի փոքր երկիրը կարող է նման հարուստ մշակութային ժառանգություն ունենալ: Իր համար բացահայտել էր Կոմիտասի երաժշտությունը և թույլտվություն էր խնդրում Կոմիտաս կատարել: Երևանում իր ելույթի ժամանակ ներկայացրեց Կոմիտասի «Լորիկը»՝ իր մեկնաբանությամբ: Աշխարհի լավագույն բասկիթառահարներից մեկը, որ ապրում է ԱՄՆ-ում, սիրահարվել էր Կոմիտասի երժշտությանը: Այդպիսի տպավորությունից հետո դժվար չէր նրան Ջազի միջազգային օրը հրավիրել Երևան, այն դեպքում, երբ այդ օրը ջազ երաժիշտները բավականին պահանջված էին ամբողջ աշխարհում:
- Ո՞վ է ամենահայտնի ջազմենը, որը Ջազի միջազգային օրը Երևանում է եղել:
- Դա «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան է: Նրա հետ ևս ծանոթացել էինք «Yerevan Jazz Fest»-ի ընթացքում և երբ հրավիրեցի Ջազի միջազգային օրը Երևան, ասաց` գիտես այդ օրը մոտ 15 երկրից հրավեր ունեմ, բայց ես կգամ Հայաստան: Մեզ համար դա ցնցող լուր էր: Ես խոստացա այդ օրը համերգ կազմակերպել Արամ Խաչատրյան համերգասրահում, որից հետո նա Կասկադի պուրակում միացավ հայ ջազմեններին: Ի դեպ Գոնսալո Ռուբալկաբան աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկն է և նվագում է բացառապես Steinway & Sons տեսակի ռոյալի վրա /իր պայմանագրում նա միշտ նշում է այդ մասին/, դա նրա միակ պահանջն էր: Իհարկե Ա. Խաչատրյան համերգասրում նա նվագեց Steinway & Sons ռոյալի վրա, սակայն այդ թանկարժեք գործիքը Կասկադի պուրակ անհնար էր տեղափոխել: Ես կարծում էի պուրակում համրեգը կտապալվի, մեծ բազմություն էր հավաքվել, սպասում էին անհամբեր, նա ասաց՝ մի մտածիր, կնվագեմ: Ուսերիցս ծանր բեռ ընկավ:
- Այս բոլոր տարիների ընթացքում Երևանում Ջազի միջազգային օրը հատուկ տոնի է վերածվել: Գիտեմ, որ այդ հանգամանքը նկատել են անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Ինչպե՞ս են արձագանքել:
- Այո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջազի գրասենյակը նկատել էր, որ ապրիլի 30-ին` Ջազի միջազգային օրը, բավականին ակտիվ նշվում է նաև Երևանում: Մեզ նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջազի գրասենյակի ղեկավար Հերբի Հենկոկի կողմից շնորհակալական նամակ ուղարկեցին: Շնորհակալություն էին հայտնում, որ Հայաստանը միացել է Ջազի միջազգային օրվան և այդպիսի շուքով է նշում` նպաստելով ջազի տարածմանը: Նշեմ, որ Երևանից բացի նաև Գյումրին էր միացել այդ տոնին: Ջազի հայկական ասոցիացիայի Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Մկրտիչ Մանուկյանը «Ջազը թանգարանների բակում» նախաձեռնությամբ 4 օր Գյումրիի թանգարանների բակերում ջազի համերգներ էր կազմակերպվում:
- Բազմաթիվ տաղանդավոր հայ երաժիշտներ են ելույթ ունեցել այդ օրը, սկսնակ երաժիշտներ կա՞ն, որոնք բացահայտում են եղել ձեզ համար:
- Ջազի միջազգային օրը Ջազի հայկական ասոցիացիան միշտ աշխատել է ելույթներում ներգրավել երիտասարդ կատարողների: Այդ առումով Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի հետ համագործակցությունը դարձել է ավանդույթ: Չեք պատկերացի, թե նրանց ոնց է ոգևորում այդ հանգամանքը: Այդ երաժշտական դպրոցի պատանիների նվագախումբն այս տարի ևս ելույթ է ունենալու: Երիտասարդների ոգևորությունը շատ կարևոր է մեզ համար, նպաստել նրանց հաջողությանը նշանակում է հնարավորության տալ, որ վաղն ի հայտ գան նոր ու պահանջված հայ երաժիշտներ:
- Ինչպե՞ս պիտի Ջազի միջազգային օրը 10-րդ անգամ նշվի Երևանում: Նախորդ տարիներին համաշխարհային աստղեր են եղել, ովքե՞ր ելույթ կունենան այս անգամ:
- Այս անգամ Ջազի միջազգային օրը կնշենք ոչ թե Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հարակից պուրակում, այլ Սիրահարների այգում: Ջազի սիրահարները ջազի այգում կհանդիպեն բոլոր հայտնի հայ ջազմեններին, ելույթները միաժամանակ մի քանի հարթակներում կլինեն: Հանդիսատես-բեմ սահմանը չի լինի, երաժշտասերները հնարավորություն կուենան հանգիստ շփվելու իրենց սիրելի կատարողների հետ: Այս անգամ, հաշվի առնելով Քովիդի համաճարակն ամբողջ աշխարհում, մեր երկրի իրավիճակը, արտերկրից հյուր չենք ունենա: Ջազի սիրահարներին ապրիլի 30-ին՝ ժամը 17:00, հրավիրում եմ Սիրահարների այգի` ներկա լինելու ջազի տոնին: Մուտքն ազատ է լինելու: