20/04/2021 11:46
Դա էժանագին քայլ է. Գորգիսյանը՝ ժամկետային ծառայությունը 5 տարին մեկ 3-ամսյա դարձնելու՝ վարչապետի հայտարարության մասին
Գայթակղիչ է՝ նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք հետո անհնար է լինելու իրականացնել, բայց մենք գիտենք, որ վարչապետը երբեք չի խորշել դրանից, ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է ժամկետային զինծառայության համակարգն ընդհանրապես փոխել, ժամկետը կրճատել ու գաղափար կա, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն։
«Ցանկացած գաղափար պետք է հիմնված լինի ինչ-որ հաշվակների վրա։ Վստահ չեմ, որ վարչապետն ունի հաշվարկներ, որ առանց վտանգելու երկրի անվտանգությունը այսօր մենք կարող ենք մեզ թույլ տալ նման քայլի գնալ։
Նա չի խորշել նախընտրական շրջանում տալ խոստումներ, հետո ասել՝ դե կներեք, հանգամանքներն այլ են, չենք կարող իրականացնել։ Ես դիտարկում եմ որպես էժանագին քայլ։ Փորձելով դիվիդենտներ քաղել նախընտրական փուլում՝ նա այդ խոստումն է տալիս, որը չի կարող իրականացնել», - ասաց Գորգիսյանը։