20/04/2021 13:43
Երևանում բացվեց ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանի հուշակոթողը
Երևանում բացվեց ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանի հուշակոթողը։ «Ամպերից նայող կինը» մարմարե կոմպոզիցիայի հեղինակը հայտնի քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանն է։
Իր մանկավարժական գործունեությունը Ռիմա Խաչատրյանն սկսել 1965 թվականին Երևանի բժշկական ուսումնարանում։ Այն ժամանակ Հայաստանում գործում էին հինգ բժշկական ուսումնարաններ՝ Երևանում (հիմնադրվել է 1921-ին), Լենինականում (1940), Ղափանում (1959), Դիլիջանում (1961) և Վարդենիսում (1963)։
Հետագա տարիներին նրա գործուն մասնակցությամբ միջնակարգ մասնագիտական կրթական համակարգը հանրապետությունում ընդլայնեց իր աշխարհագրությունը։ Բժշկական ուսումնարաններ բացվեցին Կիրովականում (1970), Գավառում (1993), Հրազդանում (1996)...
1987-ին հաղթող է ճանաչվել մանկավարժության բնագավառում ծավալված համամիութենական սոցիալիստական մրցությունում՝ արժանանալով ԽՄԿԿ կենտկոմի, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի, ՀամԿԽ-ի ու ՀամԼԿԵՄ կենտկոմի պատվոգրի։
Միջնակարգ բժշկական կրթության համակարգի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, բազմամյա ծառայության և աշխատանքային գնահատելի հաջողությունների համար 2005 թվականին պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալով, իսկ 2009 թվականին՝ «Անանիա Շիրակացու» մեդալով:
2013 թվականին Ռ.Խաչատրյանի ղեկավարությամբ մշակվել և Հայաստանի բժշկական քոլեջներում ներդրվել է «Դեղագործություն» մասնագիտության նոր՝ արդյունքի ձևավորմանը միտված կրթական ծրագիրը։
Նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման չափանիշներին և գործիքակազմին համապատասխան հեղինակել է «Անօրգանական քիմիա» և «Անալիտիկ քիմիա» դասագրքերը, որոնք աչքի են ընկնում նյութի պարզությամբ, քիմիայի հիմնարար հասկացությունների մատուցման խորությամբ ու հակիրճ շարադրանքով, միտված են ուսանողի մոտ տրամաբանելու, վերլուծելու կարողությունների ու հետազոտական հմտությունների զարգացմանը, համապատասխանում են դիդակտիկական սկզբունքներին ու համալրված են խնդիրներով ու հարցաշարերով։
Դասագրքերը շատ արագ դարձան քրեստոմատիական և արդեն շուրջ մեկուկես տասնամյակ որպես հիմնական ուսումնական ձեռնարկ ներառված են հանրապետության շուրջ մեկ տասնյակ բժշկական քոլեջների ուսումնական ծրագրերում։
2017 թվականին կրթության բնագավառում ունեցած վաստակի համար Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի քիմիայի ուսուցիչ Ռիմա Մխիթարի Խաչատրյանին շնորհել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: