20/04/2021 12:20
Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ
Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ, այս մասին Aysor.am-ին ասաց Հայաստանում «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Մեր այցելությունների շրջանակում մեր ներկայացուցիչները հնարավորություն են ընձեռում հարազատներին կապի մեջ լինել նամակների, հեռախոսազանգի միջոցով, երբեմն` բանավոր հաղորդագրությունների տեսքով», - ասաց Ամատունին։
Նա նշեց, որ այն մարդկանց մասին է խոսքը, ում մասին իրենք ունեն ստույգ տեղեկություն:
Թե քանի հոգու է ընձեռվել նման հնարավորություն, ԿԽՄԿ ներկայացուցիչը թիվ չհրապարակեց՝ նշելով, որ դրանք իրենք հրապարակային չեն դարձնում։
Զառա Ամատունին հրաժարվեց ներկայացնել նաև, թե ինչ անհանգստություններ ու դժգոհություններ են հայտնել գերեվարված անձինք։
«Մենք իրավասու ենք անհանգստությունները, պահման պայմանների հարցերը քննարկել միայն իշխանության համապատասխան ներկայացուցիչների հետ», - հավելեց «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը։
Նշենք՝ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, որոնց թվում են նաև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։
Հիշեցնենք՝ ապրիլի 8-ին «Էրեբունի» օդանավակայանում մեծ թվով գերիների հարազատներ սպասում էին իրենց որդիների վերադարձին, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էր մի քանի լրատվամիջոցի ասել, որ գերիների վերադարձ է սպասվում:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ավելի ուշ հայտարարութամբ է հանդես եկել՝ նշելով, թե գերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։
Դեպքին անդրադարձել էր նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը։
«Հրապարակ» թերթի թղթակիցը Մուրադովից հետաքրքրվել էր, թե ինչու էին Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարել, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։
«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը», - պատասխանել էր Մուրադովը։