20/04/2021 23:04
Հայաստանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները:
«Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը:
Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ:
Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ: Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար», - ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հայտարարել էր, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և ապագա շահերին:
«Մենք կկատարենք Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը, անկախ նրանից` ուզում է դա Հայաստանը, թե ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, այն կարելի է լուծել հեշտությամբ, եթե ոչ` մենք դա կլուծենք ուժով: Ես ասում էի պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում, որ նրանք պետք է հեռանան մեր հողերից իրենց կամքով: Այդպես էլ եղավ: Նույնն էլ կլինի Զանգեզուրի միջանքի հետ: Մեր միակ մրցակիցը ժամանակն է: Քանի որ երկաթուղու, մայրուղու կառուցումը ժամանակ է պահանջում: Ուստի բոլոր ուժերը մոբիլիզացված են այս նախագիծն իրականացնելու համար:», - ասել է նա AzTV-ին տված հարցազրույցում՝ վստահեցնելով, որ «101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա գրավված Զանգեզուր»: