21/04/2021 11:14
Ռուբեն Հայրապետյանի փաստաբանին հրավիրել են ԱԱԾ
Այսօր՝ ժամը 15։00-ին, հրավիրվել եմ ԱԱԾ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից արդարադատության իրականացմանը համակարգված ձևով խոչընդոտելու գործով բացահայտված երկրորդ դրվագով բացատրություն տալու, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Խնդիր չկա, կգնամ ԱԱԾ և երկրորդ անգամ՝ մանրամասն ու փաստարկված կբացատրեմ, թե Աննան ինչպես և ում հրամանով է ուղղորդում քննիչներին…», - նշել է նա։
Հիշեցնենք՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե իր պաշտպանյալի գործով Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է ապօրինի հանձնարարում քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել։
168.am-ի էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էին ստացվել։ Դրանցում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և, ըստ էության, հրահանգավորում հիմնական դերակատարներին։