21/04/2021 11:21
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
Ապրիլի 20-ին կատարվել է 131 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5835 քաղաքացու հետազոտություն, որից 734-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2618 դեպք: Կատարվել է 23 290 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Նախարարությունից նաև հայտնում են, որ Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը.«Խորհուրդ ենք տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ կամ զանգահարել /047/ 94-34-62 հեռախոսահամարին»։