21/04/2021 10:20
ԱՄՆ ոստիկանը գնդակահարել է իրեն դեպքի վայր կանչած 16-ամյա աֆրոամերիկուհուն
Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում ոստիկանը գնդակահարել է 16-ամյա սևամորթ մի աղջկա՝ Մաքայ Բրայանթին, ցուցարարները սկսել են հավաքվել քաղաքի ոստիկանության շենքի մոտ, հայտնում է տեղական 10TV- ն:
Ոստիկանները դեպքի վայր են կանչվել երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 16.30-ին (Երևանի ժամանակով 00.30-ին) կարգի խախտման պատճառով: Ըստ մահացածի ընտանիքի՝ աղջիկը զանգահարել է 911 հեռախոսահամարով՝ իր տան մոտ հայհոյող աղջիկների պատճառով:
Ոստիկանության կողմից հրապարակված տեսանյությում երևում է, որ ոստիկանության աշխատակիցը կրակ է բացել Բրայանթի վրա, երբ նա դանակով նետվել է մեկ այլ աղջկա վրա:
Տուժածը մահացել է հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել էին ծայրահեղ ծանր վիճակում:
Մի խումբ ցուցարարներ արդեն հավաքվել է ոստիկանության բաժանմունքի մոտ՝ բղավելով մահացած աղջկա անունը: