21/04/2021 12:01
Դա «սյուրպրիզ» էր, օրական «սյուրպրիզներ» են եղել, որ հասել ենք էս օրին. Շուռնուխի գյուղապետը՝ Փաշինյանի այցի մասին
Դա «սյուրպրիզ» էր կառավարության կողմից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով վարչապետի այցին։
«Օրական «սյուրպրիզներ» են եղել, որ հասել ենք էս օրին։ Վարչապետը ինձ չի հանդիպել», - ասաց գյուղապետը։
Հարցին, թե ըստ իրեն՝ պատճառն ինչն է, Հակոբ Արշակյանը պատասխանեց.
«Երևի ես սև եմ, նախկին եմ»։
Գյուղապետի խոսքով՝ այցի ընթացքում Փաշինյանը մտել է երկու տուն, նստել մեքենան և հեռացել.
«Եթե բնակիչների հետ հանդիպման կարիք լիներ, ինչպես նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից տեղեկացրին երկու օր առաջ, որ նախագահը այցելելու է Մարդու իրավունքների պաշտպանի հետ, նույն կերպ էլ վարչապետի այցի մասին կտեղեկացնեին։ Սա հատուկ գաղտնի այց էր։ Երկրի վարչապետը մտնում է երկրի մի բնակավայր, պարզ է չէ, որ բնակիչը հարցեր կունենար իրեն։ Ինչո՞ւ ցերեկով չեկավ, ինչո՞ւ մի հարցի չպատասխանեց, թեկուզ անվտանգության վերաբերյալ»։
Արշակյանի խոսքով՝ Փաշինյանը գյուղում եղել է գիշերը, ժամը 9 անց կեսից մինչ 10-ը։
«Տեսել եմ, որ խումբ էր բարձրանում էդ ժամին։ Ինձ ասում են՝ հոպար ջան, բա խի չես մոտենում, դու գյուղապետը չե՞ս։ Ասում եմ՝ գյուղապետն եմ, իսկ նա ո՞վ է։ Ասում են՝ վարչապետն է։ Ինձ արհամարհողի հետևից վազեմ, ասեմ՝ ինձ էլ մարդու տեղ դրե՞ք։ Ես այս գյուղի վարչական ղեկավարն եմ», - եզրափակեց խոսքը Հակոբ Արշակյանը։