21/04/2021 18:22
Մենք պետք է ունենանք ուժեղ բանակ և այս ճանապարհին ՀՀ-ին որևէ մեկը չի կարող կանգնեցնել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսվել է Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ ծրագիր, և այդ ծրագիրը մենք իրականացնում ենք Ռուսաստանի Դաշնության հետ, Սյունիքի մարզում այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է, այդ ծրագրի իրականացման և բարեփոխումների համատեքստում, հաշվի առնենք և հաշվի նստենք բոլոր հետևությունների հետ, որոնց առերեսվել ենք 44-օրյա պատերազմի ընթացքում:
Այո՛, մենք պետք է ունենանք ուժեղ բանակ: Մենք պետք է ունենանք այնպիսի բանակ, որը լինի արժանի դաշնակից և նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության հիմնական երաշխավորը: Այս ճանապարհին Հայաստանի Հանրապետությանը որևէ մեկը չի կարող կանգնեցնել, առավել ևս, որ մենք մեր ռազմաքաղաքական, դաշնակցային հարաբերությունների համատեքստում անվտանգային որոշակի պարտավորություններ ունենք՝ նաև տարածաշրջանային նշանակության: Ուզում եմ ընդգծել, որ երբ խոսում ենք դաշնակցային պարտավորությունների մասին՝ ոչ միայն մեր նկատմամբ կան պարտավորություններ, այլև մենք նույնպես ունենք պարտավորություններ, և այս համատեքստում այդ պարտավորությունները պետք է լիարժեք ի վիճակի լինենք, կարողանանք կատարել, և Զինված ուժերի բարեփոխումները պիտի տեղավորվեն նաև այս տրամաբանության մեջ», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։