22/04/2021 12:31
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում առկա է անհետ կորածների 556 գործ. ՊՆ ներկայացուցիչ
Այս պահին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում առկա է անհետ կորածների 556 գործ, 44-օրյա պատերազմի հետևանքով զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ ԱԺ-ում հրավիրված աշխատանքային քննարկմանը հայտարարեց ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը։
«Կառավարության որոշման համաձայն, անհետ կորածների ընտանիքներին, որոնք դեռևս համապատասխան կարգավիճակ չունեն, կվճարվի 300 հազարական դրամ», - ասաց Ավետիսյանը։
Նշենք, որ գնդապետի տրամադրած տվյալների համաձայն՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկել 3 039 զոհված զինծառայողների գործեր փոխհատուցում տրամադրելու համար:
Եվս 9000 վիրավորում ստացած քաղաքացու էլ 500 հազար դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրվել։
Այս թվի մեջ, սակայն, որոշ խնդիրների պատճառով չեն ներառվել վիրավորում ստացած բոլոր քաղաքացիները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է կատարում 1055 անհետ կորած զինծառայողի ընտանիքների: