22/04/2021 12:00
Գորիսի փոխքաղաքապետը տարվել է ոստիկանների կողմից, Մեղրիի քաղաքապետին տեղափոխել են Երևան. Վահե Հակոբյան
Գորիսի փոխքաղաքապետը տարվել է ոստիկանների կողմից, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին տեղափոխել են Երևան:
«Մխիթար Զաքարյանին փորձելու են երկու ամսով կալանանավորել։ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին էլ են տարել, նույնիսկ տեղը չգիտենք։ Մտել են մարդկանց տներ և գիշերով տարել, գործողություններին մասնակցել են ԱԱԾ-ն և ոստիկանությունը՝ հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Մեղրիի քաղաքապետի հետ տեղի ունեցածը, Վահե Հակոբյանի գնահատմամբ, քաղաքական ռեպրեսիա է։
«Բոլորին տեղափոխում են Երևան։ Մեծ մասին անհայտ ուղղությամբ են տարել, թույլ չեն տվել ո՛չ փաստաբանի հետ կապ հաստատել, ո՛չ որևէ այլ անձնավորության», - ասաց Վահե Հակոբյանը։
Նշենք, որ Սյունիքում նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո իրավապահ մարմիններին հրահանգ էր տրվել կոշտ ձևով արձագանքել, «կտրուկ ու հատուկ գործողություններով այդ հարցը լուծել»։
Գիշերվա ընթացքում բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ բերման են ենթարկել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին։