22/04/2021 18:35
Վենետիկի հանձնաժողովը որևէ խնդիր չի արձանագրել Ընտրական օրենսգրքի փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով. Բադասյան
Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Կարծիքում, դիտարկելով 2021 թվականի ապրիլի 1-ին Խորհրդարանի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով վերացվում է ռեյտինգային համակարգը` տարածքային թեկնածուների ցուցակները, նշվել է, որ այն առումով, որ դրանց վերաբերյալ կար լայն աջակցություն քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության մեծ մասի կողմից և հաշվի առնելով, որ դա, ըստ էության, չի փոփոխում ընտրական համակարգը, ավելին, պարզեցնում է այն, որևէ խնդիր չի արձանագրել այդ փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով», - գրել է նախարարը։
Բադասյանը նաև նշել է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին և վերջինիս կողմից արձանագրված դրական փոփոխություններին ավելի մանրամասն կանդրադառնան առաջիկայում։