22/04/2021 12:23
Հաշմանդամության կարգավիճակ չունեցող, սակայն վիրավորում ստացած 9000 քաղաքացու միանվագ վճարվել է 500 հազար դրամ. որոշ անձիք, ցավոք, դուրս են մնացել. Ալեքսանդր Ավետիսյան
Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և ստացիոնար բուժում ստացած անձանց, անկախ հաշմանդամություն կարգ ունենալու հանգամանքից, վճարվել է միանվագ 500 հազար դրամ, 44-օրյա պատերազմի հետևանքով զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ ԱԺ-ում հրավիրված աշխատանքային քննարկմանը հայտարարեց ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը։
«Այս անձանց թիվը բավականին մեծ է, գերազանցում է 9000-ը։ Անձի վիրավորման տվյալների հավաքագրումը հիմնականում ֆիքսված է եղել «armed» համակարգով, բայց հաշվի առնելով պատերազմական իրավիճակը և պայմաններով, որոնցով աշխատել են դաշտային հոսպիտալները և այլն, որոշ անձիք, ցավոք, դուրս են մնացել։ Հիմա, որպեսզի այդ խնդիրը լուծվի, կա պայմանավորվածություն, քաղաքացիները ներկայացնում են իրենց էպիկրիզները, դա ուղարկվում է ռազմաբժշկական վարչություն» , - ասաց Ալեքսանդր Ավետիսյանը։