22/04/2021 18:10
«Տեսնում էի, որ իրենց ուժերը շատ են, կարող ենք տարածքներ կորցնել, բայց որ նայում էի մեր կռվելուն՝ ինձ չէր թվում, որ այդքան հետ կգանք». Նարեկ Ղարսյան՝ 44-օրյա պատերազմով անցածը
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակատանկիստ, 19-ամյա սերժանտ Նարեկ Ղարսյանը Թալիշում էր, իրենց մշտական տեղակայման վայրում: Ժամը 07:10-ին սկսվեց հրետակոծությունը, այնուհետև՝ տագնապ, որից րոպեներ հետո տղաներն արդեն դիրքերում էին:
«Բարձրանալուց մեր մեքենայի վրա մի քանի զենքով խփեցին, զոհեր ու վիրավորներ ունեցանք հենց տեղում... Վերևում էլ հասկացանք, որ մեր դիրքերի մի մասն արդեն հետ էր քաշվել, նահանջել, թշնամին բավականին առաջացել էր: Մեր խնդիրը տանկերի առաջընթացը կասեցնելն էր, գնացինք ծավալման բնագիծ: Հենց առաջին օրը 12 հոգով, այդ թվում՝ 2 հրամանատար, շրջափակման մեջ ընկանք, բայց գիշերը, մթից օգտվելով, կարողացանք թշնամու մեջով մոտ 40 կիլոմետր հետ գնալ ու դուրս գալ շրջափակումից», - Aysor.am-ի հետ զրույցում վերհիշեց մերօրյա հերոս Նարեկ Ղարսյանը:
Շրջափակումից մի կերպ դուրս եկած տղաները հաջորդ օրը կրկին բարձրացել են Թալիշ, կորցրած դիրքերը հետ են բերել ու երեք օր ու գիշեր մարտնչել թշնամու դեմ: Նարեկը Թալիշում թշնամու 5 տանկ է ոչնչացրել, մոտ այդքան էլ՝ այլ զինտեխնիկա: Ասում է՝ այդ պահին 89 տանկ միանգամից դիրքի վրա էր գալիս:
Զրուցակիցս մանրամասնում է՝ 3 օր շատ լավ կռվել են, բայց հետո նահանջ հրաման ստացել, քանի որ կրկին շրջափակման մեջ էին ընկել. այս անգամ թշնամին երկու կողմից էր մերոնց «ցանցը գցել» ու անցել թիկունք: Տղաները մի կերպ են Թալիշից դեպի Մատաղիս նահանջել ու այնտեղ դիրքավորվել:
Հարցին՝ արդյոք ժամկետային զինծառայողների, կամ նրանց հրամանատարների շրջանում խուճապային տրամադրություն կար, պատասխանեց.
«Նման բաներ լսել եմ, բայց դրա ականատեսը չեմ եղել: Կոնկրետ մեր գումարտակում երբեք նման իրավիճակ չի ստեղծվել: Մեր առջև դրված խնդիրները կատարել ենք՝ առանց կասկածի տակ դնելու դրանց նպատակահարմարությունը, հրամանատարներն էլ մեր կողքին են եղել... Չգիտեմ, գուցե մյուս վայրերում եղել են այդպիսի իրավիճակներ: Ամեն դեպքում, ես միայն լսել եմ, բայց չեմ տեսել»:
Մեկ ամսվա ընթացքում՝ մինչև հոկտեմբերի 30-ը, Նարեկ Ղարսյանը կյանքի ու մահվան կռիվ է տվել ոչ միայն Թալիշում ու Մատաղիսում, այլև Եղնիկներում ու Մարտակերտում, Ասկերանի Բալուջայում: Պատերազմի ընթացքում սերժանտ Ղարսյանին լեյտենանտի կոչում տվեցին ու դասակի հրամանատար նշանակեցին: Նաև Արիության մեդալի է ներկայացվել... Հոկտեմբերի 30-ին մերօրյա հերոսը վիրավորվել է Մարտունիի Թաղավարդում:
«Թաղավարդում մեծամասամբ «բլիժնի բոյ» էր լինում: Ռազմական գործողություններից հետո նաև մոտենում, մահացածների թղթերն էինք նայում, ու հասկացանք, որ մեր առջև թուրքական սպեցնազն էր կռվում», - շեշտում է զրուցակիցս:
Նկատում եմ՝ երևի և՛ հոգեբանորեն, և՛ տեխնիկապես ու ֆիզիկապես բարդ էր 19-20 տարեկան երիտասարդներին պատերազմել հասուն ու պատերազմի մեջ թրծված թուրքական հատուկջոկատայինների դեմ: Չի տրտնջում, հպարտությամբ ու վստահությամբ հավատացնում է՝ իրենք բացի թվաքանակից, ոչնչով չեն զիջել թշնամուն, պատերազմն էլ իրենց համար նորություն չէր:
«Իհարկե, ուժերն անհավասար էին, պատերազմի առաջին օրը հենց միայն Մատաղիս-Թալիշի վրա 15 հազարից ավելի զորք ու մոտ 1000 տեխնիկա է եկել, բայց մենք կարողացանք այդ անհավասար ուժերով մարտում, թեկուզ երբեմն նահանջելով, բայց հետո կրկին գրոհելով՝ 5 օր պահենք մեր դիրքերը: Ծառայության ընթացքում մենք այնպիսի տեղ ենք «պոստ պահել», որ սովորել էինք թե՛ դիվերսիաներին, թե՛ հարձակումներին: Մեր գումարտակը պատերազմի ընթացքում լավագույնը ճանաչվեց, ու մեր պահած Թաղավարդի դիրքերը մինչև այսօր մերն են, չեն տվել», - ընդգծում է նա։
Նարեկը վիրավորվել է երկու ոտքից՝ հրետանու բեկորներից:
«Ցերեկվա 2-ի կողմն էր, կազմ ու պատրաստ հարձակման էինք սպասում, երբ սկսեց նրանց հրետանին աշխատել», - հիշում է մերօրյա հերոսն ու մանրամասնում.
«Մի քանի հոգի վիրավորվեցինք: Ես փորձեցի կանգնել, օգնել ընկերներիս: Բայց երբ մի քիչ անցավ, հասկացա, որ ոտքերս վիրավոր են, չեմ կարողանում ոտքի վրա մնալ: Մեզ միանգամից հանեցին ու տարան Ստեփանակերտի հոսպիտալ: Այնտեղ հենց տեղում վիրահատեցին ու այդ գիշեր տեղափոխեցին Երևան, ևս մեկ վիրահատություն ունեցա: Փառք Աստծո, ոտքերս չկորցրեցի, կարողացան բեկորները հեռացնել ու ոտքերս փրկել»:
Ստեփանակերտի հիվանդանոցից սերժանտը կապ է հաստատել ընտանիքի հետ, սակայն վիրավորվելու մասին ոչինչ չի ասել: Երևան տեղափոխվելուց 1 օր հետո, երբ արդեն դժվարն անցյալում էր, զանգել է տուն ու տեղեկացրել.
«Պապ, Հայաստանում եմ՝ հիվանդանոցում»։
Նարեկ Ղարսյանն ընտանիքի երկու որդիներից կրտսերն է: Պատկերացնելն անգամ դժվար է, թե ինչ են զգացել Նոյեմբերյանում գտնվող ծնողները: Մեկ-երկու ժամվա ընթացքում արցունքն աչքերին հասել են Երևան ու Նարեկին տեսնելով՝ Փառք տվել Աստծուն, կրկին արտասվել, բայց այս անգամ՝ ուրախությունից. թեկուզ վիրավոր, բայց տղան ողջ է...
Նարեկը հիվանդանոցում տևական ժամանակ բուժվել է, այնուհետև օգտվելով արձակուրդից՝ վերականգնողական փուլ է անցել, ու հիմա արդեն 2 շաբաթից ավելի է՝ ծառայությունը շարունակում է զորամասերից մեկում: 2001 թվականի հունիսի 6-ին ծնված զինվորն արդեն 20 ամսվա ծառայող է, 3-4 ամսից կզորացրվի:
Պատերազմ տեսնելուց հետո հոգեբանորեն պատրա՞ստ էր վերադառնալ ծառայության՝ հարցիս առանց վարանելու պատասխանեց՝ այո: Հետո լռեց, մի քիչ մտածեց ու խոստովանեց՝ տնեցիք էին մի քիչ նեղվում, բայց համակերպվեցին, բան չի մնացել՝ շուտով կվերադառնա:
«Ես Մատաղիսում եմ եղել, ու ամենաշատ զոհը հենց Մատաղիսի զորամասն է տվել: Մեր գումարտակից շատ տղաներ «գնացին», իմ հաշվարկն էլ է զոհվել հենց առաջին օրը: Սկզբում անհանգստություններ շատ ունեի, լարվածություն կար, բայց հիմա անցել է», - խոստովանում է նա:
Պատկերացնո՞ւմ էր, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը հենց այսպիսի վերջաբան կունենար՝ պատասխանում է՝ հաղթել չէինք կարող, բայց կարող էինք այսքան շատ կորուստներից խուսափել:
«Տեսնում էի, որ իրենց ուժերը շատ են, կարող ենք տարածքներ կորցնել, բայց որ նայում էի մեր կռվելուն, մեր պայքարին՝ ինձ չէր թվում, որ այդքան հետ կգանք: Չնայած, ես միայն մեր կազմի մասին եմ խոսում. թուրքական սպեցնազի հետ այնպես էինք կռվում, որ մի շաբաթից ավելի մեկ քայլ առաջ գալ չէին կարողանում։ Իրենց դիվերսիաների ժամանակ 800-ից ավելի զոհ են տվել, մենք միայն մի քանի զոհ էինք ունենում... Երևի իրենք վերջում իրենց ամբողջ ուժերն էին կենտրոնացրել», - նշեց Թալիշի հերոսը:
Մինչ ծառայությունը երբեք Արցախ ոտք չդրած երիտասարդը ծառայությունից հետո սիրահարվել է Արցախին:
«Միշտ երազում էի Արցախը տեսնել, բայց, փաստորեն, միայն պատերազմի միջով՝ հյուսիսից հարավ գնալով անցա Արցախին ծանոթանալու ճանապարհը», - տխրությամբ, բայց ժպիտով ասում է նա:
Ծառայության ավարտից հետո Նարեկն ուսումն է շարունակելու: Պոլիտեխնիկ ընդունված (Ծրագրային ճարտարագիտություն բաժին, հեղ.) ու անմիջապես զորակոչված Նարեկն ապագա ծրագրավորող է:
«Միայն խաղաղ լինենք ու ներդաշնակ, մնացած ամեն բան ժամանակի հետ հունի մեջ կընկնի ու կվերադառնա», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակում է 44-օրյա պատերազմը վերապրած զինվորը: