22/04/2021 16:20
Դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, Aysor.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով։
Ըստ մեղադրող կողմի՝ դատարանը չի անդրադարձել, թե քրեական դատավարության ո՞ր նորմերին հղում կատարելով դադարեցրեց քրեական հետապնդումը Քոչարյանի և մյուսների նկատմամբ
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք էր առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ստացել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից 2021 թվականի ապրիլի 6-ին կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշումը։
Ըստ դատարանի որոշման՝ «բացակայում է քրեական գործի վարույթը շարունակելու որևէ իրավաչափ հիմք»։
Մեղադրող դատախաղ Գևորգ Բաղդասարյանն ասել է, թե դատարանի հիմնավորումը, թե այն, ինչ դատախազությունն է ասում, արդարադատության հետ համատեղելի չէ, իրեն չի համոզել։