22/04/2021 14:40
Զոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքները հոգեբանական վերականգնման ծառայություն կստանան
Կառավարության որոշմամբ 100 մլն դրամ կհատկացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման համար:
Նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ներքին ռեսուրսները վերհանելու, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջությունը և ադապտացիան վերականգնելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման հրատապ բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը»:
Ծառայությունը մատուցվելու է մրցույթի արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում:
Ինչպես նշել է ԱԻՆ ղեկավար Անդրանիկ Փիլոյանը, առաջնահերթ աջակցություն կստանան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքները, հաշմանդամություն ձեռք բերած անձիք։