22/04/2021 11:20
«Այս տեմպերով որ գնանք, կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ Հայաստանի պատմության մեջ». Կառավարությունում տնտեսության վերականգնման հերթական ազդակն են ստացել
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսության վերականգնման հերթական ազդակն են ստացել:
«Կարող ենք արձանագրել, որ 2021 թվականի մարտին մենք աշխատատեղերի եկամուտ ու աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել», - ասաց նա:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ անցյալ տարվա համեմատ 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերը ավելացել են 2500-ով:
Նրա խոսքով՝ հարկման բազան կազմել է ավելի քան 131 միլիարդ, որը 2020 թվականի համեմատ ավելի է 7,5 միլիարդով:
«Միջին հարկման բազան կազմել է 211 հազար 5 հարյուր, որը 2020 թվականի նկատմամբ՝ ավել է 12 հազարով», - ասաց ՊԵԿ նախագահը:
Նա նշեց, թե թվերի հավաստիության մասով կասկածելն անմտություն է:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե առևտրաշրջանառության մասով պետք է հաշվի առնել, որ գնաճ էլ կա:
ՊԵԿ նախագահն ասաց, որ գնաճի գործոնը կա, ապրիլ ամսվա ցուցանիշները, սակայն, դեռ հրապարակված չեն:
«Շատ ավելի ուշ համապատասխան վերլուծությունը հնարավոր է իրականացնել», - ընդգծեց Հովհաննիսյանը:
Վարչապետն ասաց, թե 2018 թվականի նկատմամբ՝ այս տարի կա 85 հազար 38 աշխատատեղի տարբերություն:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին արձագանքեց, թե վերլուծությունները ցույց են տալիս, որ սա տնտեսական աճի հետևանք է:
«Այս տեմպերով որ գնանք, կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ Հայաստանի պատմության մեջ», - ասաց նախարարը: