23/04/2021 10:40
«Ի՞նչ եղանակով է Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության բողոքի քննարկումը մակագրվել Մանվել Շահվերդյանին». պաշտպանի գրությունը՝ դատարանի նախագահին
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտպան Գայանե Պապոյանը գրություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին: Պապոյանն Aysor.am-ին հայտնեց, որ գրություն է ներկայացրել, որպեսզի տրամադրվի տեղեկություն, թե ինչ եղանակով է Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իր անունից ներկայացված բողոքի քննարկումը մակագրվել դատավոր Մանվել Շահվերդյանին։
«Եթե մակագրությունը եղել է էլեկտրոնային եղանակով, ապա խնդրում եմ տրամադրել նաև դրա լուսապատճենը: Խնդրում եմ սույնի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել գրավոր ձևով՝ առձեռն, հնարավորինս սեղմ ժամկետում, այն հաշվարկով, որ մինչև վերոնշյալ միջնորդության քննարկումը այն հասանելի լինի, քանի որ տվյալ տեղեկատվությունը մեզ համար դատարանի նկատմամբ հնարավոր բացարկի հարցի քննարկման հիմք կարող է հանդիսանալ», - գրության մեջ նշել է Պապոյանը: