23/04/2021 14:59
Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ հզոր բանակ է ստեղծելու. Անվտանգության խորհրդի քարտուղար
Հայկական կողմն ակնկալում է հզոր բանակ կառուցել Ռուսաստանի օգնությամբ, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Երևանն արդեն հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները կիրականացվեն Ռուսաստանի օժանդակությամբ:
«Մեր տեսանկյունից, վերջին տասներկու տարվա ընթացքում Ռուսաստանի Զինված ուժերի բարեփոխումներն ամենահաջողներից մեկն են. բանակի արդիականացում և օպտիմիզացում, արդյունավետության բարձրացում, կառավարման ավտոմատացված համակարգի ներդրում, ժամանակակից զենքեր Ռուսաստանին օգնել են շարունակել ունենալ աշխարհի ուժեղագույն բանակներից մեկը: Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի օգնությամբ մենք կանցնենք այս ճանապարհը և կկառուցենք հայկական հզոր բանակ», - ասել է Գրիգորյանը:
Նա պատասխանել է նաև հարցին՝ արդյոք Հայաստանը ժամանակակից զենք գնելո՞ւ է և ումի՞ց:
«Սպառազինության վերաբերյալ ես կցանկանայի նշել, որ մենք ձեռք կբերենք լավագույն զենքերը, և դուք գիտեք, թե որ երկիրն է առաջատարն այս ոլորտում: Միևնույն ժամանակ, մենք նախատեսում ենք հետայսու ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը», - ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը: