23/04/2021 11:57
Իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն Թուրքիայի խիստ հմտորեն քողարկված թակարդին և դրանից բխող այլ հետևանքներին. Թուրքագետ
«Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովի ժամանակ այսօր թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, խոսելով Կարսի պայմանագրի ստորագրմանն առնչվող իրադարձությունների մասին, հայտարարեց, թե Հայաստանի իշխանությունները պետք է շատ զգոն լինեն թուրքական իշխանությունների լարած հերթական թակարդին։
Նա մեջբերեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցից, որտեղ վերջինս նշել է. «Ժամանակավոր տեղակայվում են սահմանապահներ, մինչև սահմանազատումն ու սահմանագծումը, որը տեղի կունենա միայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումից հետո»։
«Եթե գանք եզրահանգման, ապա Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումը ենթադրում է թուրքական կողմից ևս մեկ պահանջ՝ նախապայման։ Այն, ինչ արել են 1973 թվականին, և այն, ինչ փորձել են անել 2009 թվականին, այսինքն՝ Հայաստանին ներկայացվելու է ինչ-որ կերպ քողարկված Կարսի պայմանագրի ճանաչման կամ վերաճանաչման պահանջ, որը ռեալ-պոլիտիկ տեսանկյունից միգուցե կթվա անիրականանալի, բայց մենք պետք է հարցին նայենք այլ տեսանկյունից։ Թուրքիան մեր առջև դրել է 3 նախապայման։ Առաջին նախապայմանին նա մասամբ հասել է, սա այն քողարկված վտանգն է, որը տանելու է թուրքական երկրորդ նախապայմանի իրականացմանը։ Թուրքիայի համար սա ունի գերկարևոր նշանակություն, որովհետև Հայաստանը, ևս մեկ անգամ նախապայմանն ընդունելով, արձանագրելու է իր պարտությունը», - ասաց թուրքագետը:
Մելքոնյանն ասաց, որ իր խոսքերն իշխանությունները կարող են ընդունել որպես կոչ՝ ուշադրություն դարձնելու Թուրքիայի խիստ հմտորեն քողարկված թակարդին և դրանից բխող այլ հետևանքներին: