23/04/2021 10:17
Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1300 բնակիչ որակյալ բժշկական օգնություն և խորհրդատվություն է ստացել ռուս բժիշկներից
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության դաշտային հիվանդանոցներում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի բժշկական մասնագետները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1300 բնակչի:
Տեղի բնակիչների ընդունելությունը Ռուսաստանի ռազմական բժիշկների կողմից իրականացվում է Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներում տեղակայված դաշտային հիվանդանոցներում: Բացի այդ, բազմաֆունկցիոնալ շարժական բժշկական թիմերը պոլիկլինիկական օգնություն են տրամադրում հեռավոր բնակավայրերում մարդասիրական և բժշկական արշավների շրջանակներում:
Հիվանդանոցի գործունեության սկզբից ի վեր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1300 բնակիչ ստացել է որակյալ բժշկական օգնություն, այդ թվում՝ շուրջ 200 երեխա:
Դիմած բոլոր քաղաքացիները տեղաբաշխված շարժական հիվանդանոցներում որակյալ թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո ստացել են խորհրդատվություն և նշանակումներ:
«Բնակիչները հիմնականում դիմում են սրտանոթային, շնչառական, ոսկրային ապարատի հիվանդություններով», - ասել է Մարտակերտ քաղաքում տեղակայված թիվ 2 հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ղեկավար, բժշկական ծառայության մայոր Դմիտրի Նաումովը:
«Անհրաժեշտության դեպքում մենք տրամադրում ենք խորհրդատվական և ախտորոշիչ օգնություն, կատարում ենք պրոցեդուրաներ՝ ուլտրաձայնային ախտորոշում, ռենտգեն ախտորոշում, լաբորատոր ախտորոշում», - հավելել է նա:
Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումներում աշխատում են ավելի քան 60 բժշկական մասնագետներ: Դաշտային հիվանդանոցները հագեցած են բոլոր անհրաժեշտ ժամանակակից ախտորոշիչ և բուժիչ սարքավորումներով: