24/04/2021 20:36
Դատարանը մերժեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի կալանավորման միջնորդությունը
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի կալանավորման միջնորդությունը։
Նույն դատարանը երեկ նաև ոչ իրավաչափ էր ճանաչել Զաքարյանի ձերբակալությունը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չէին տվել նրան մտնել համայնքներ: Բողոքի ակցիա էր իրականացվել, հնչել էին հայհոյանքներ, վիրավորանքներ։
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, թե քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մեղրի համայնքի ղեկավարը, 2021թ. ապրիլի 21-ին տեղեկանալով ՀՀ վարչապետի կողմից Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ համայնքներ այց կատարելու մասին, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների, իրեն և իր մտերիմներին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցների և իր մերձավոր շրջապատի մի խումբ անձանց, Մեղրի և Ագարակ համայնքների մի շարք բնակիչների մասնակցությամբ կազմակերպել և ղեկավարել է նրանց կողմից կատարված խուլիգանական գործողությունները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 19 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 10-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: