24/04/2021 09:16
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ժամանակացույցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու դեպքում Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-30-ի միջակայքում պետք է հրաժարական տա, հետո՝ 7 օրվա ընթացքում, պետք է վարչապետ չընտրվի: Եթե երկրորդ անգամ թեկնածու չառաջադրվի, և նոր վարչապետ չընտրվի, ևս 7 օր անց օրենքի ուժով Ազգային ժողովն արձակվում է: Դրանից հետո ոչ ուշ, քան 30 օր, և ոչ շուտ, քան 45 օր հետո նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ։
Մեր աղբյուրի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը սահմանված ժամկետում, ամենայն հավանականությամբ՝ ապրիլի 26-ին, հրաժարական կտա։ Եթե, այնուամենայնիվ, որոշում կայացնի, որ ընտրությունների չենք գնում, «Իմ քայլը» նրան նորից կընտրի վարչապետի պաշտոնում, ու այդպիսով մեկ տարի ժամկետով կփակեն Փաշինյանին անվստահություն հայտնելու ծրագիրը։ Եվ 1 տարվա ընթացքում հրաժարական կտա միայն այն ժամանակ, երբ ինքը ցանկանա»:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը չի խախտի իր և Գագիկ Ծառուկյանի հետ կայացրած պայմանավորվածությունը։
«Չենք քննարկել, եթե խախտվի պայմանավորվածությունը, ապա ինչ ենք անելու... որովհետև հիմք չունենք, եկեք ձուկը ջրում բազառ չանենք», - ասել է նա՝ նշելով, որ, ըստ պայմանավորվածության, ապրիլի վերջին տասնօրյակում է հրաժարական տալու։