24/04/2021 13:58
Մեղրիի հետ կապված ի՞նչ է սպասվում մեզ. ստեղծված իրավիճակին հանգեցրեցին անորոշությունը, ինֆորմացիոն վակուումը. քաղաքապետ
Սյունիքում ստեղծված իրավիճակին հանգեցրեցին անորոշությունը, ինֆորմացիոն վակուումը, լրագրողների հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: Նա նշեց, որ իշխանություններին բազմից կոչ է արել հստակ տեղեկատվություն տալ՝ Մեղրիի հետ կապված ի՞նչ է սպասվում իրենց: Համարժեք պատասխան են ակնկալում իշխանությունից, բայց, Զաքարյանի բնորոշմամբ, «քար» լռություն է:
«Ասում է՝ Նախիջևանի միջանցք. ո՞վ է իրեն թողնելու Նախիջևանի միջանցքից օգտվել, ի՞նչ է նախատեսվում դրանով՝ ոչ մի հիմնավորում չեմ տեսնում: Ասելով չի չէ՞: Հարևաններն արդեն երկաթգիծ են կառուցում, մամուլից տեղեկանում ենք, որ Ադրբեջանը Ղազախստանից 45 էլեկտրաքարշ է պատվիրել: Ռեալ նախապատրաստություններ են, իսկ մեր կողմից միայն անտրամաբանական, մերկապարանոց հայտարարություններ են՝ հաճախ իրար հակասող», - ասաց քաղաքապետը:
Նա նաև բարձրաձայնեց, որ հայկական պետականության շահը ներկայացնող կողմ չի տեսնում: