24/04/2021 10:37
23 տարվա սպայի «Արիության մեդալը» հոգնու՞մ եք բերեք ու արժանի կերպով հանձնեք ընտանիքիս. ի՞նչ է նշանակում մեդալն ուղղակի փոխանցել. Զոհվածի քույր
Ո՞վ եք դուք, առհասարակ, որ խաղաք ընտանիքիս անդամների նյարդերի հետ, դուք տարրական էթիկայի կանոններին չեք տիրապետում, ֆեյսբուքյան էջում ՊԲ ներկայացուցիչներին է դիմել լրագրող Նանե Արզումանյանը, ում եղբայրը՝ ՀՀ ԶՈՒ սպա Արտուշ Արզումանյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում:
Զոհվածի քույրը վրդովմունք է հայտնել, որ եղբոր՝ 23 տարվա սպայի «Արիության մեդալը» արժանի կերպով չի հանձնվել ընտանիքին:
«Պաշտպանության Բանակ, դուք այդքան ապերա՞խտ եք։ Ի՞նչ է նշանակում մեդալն ուղղակի փոխանցել։ ԱՀ նախագահի կողմից արժանացրած «Մարտական խաչ»-ից դաս չքաղեցի՞ք։ Ո՞վ եք դուք, առհասարակ, որ խաղաք ընտանիքիս անդամների նյարդերի հետ, դուք տարրական էթիկայի կանոններին չեք տիրապետում։ 23 տարվա սպայի Արիության մեդալը հոգնու՞մ եք բերեք ու արժանի կերպով հանձնեք ընտանիքիս ու սեղմեք հորս ձեռքը։
Զգուշացնում եմ ձեզ, հերթով կներկայացնեմ բանակից փախածներին. հայրս ու եղբորս կինը պատերազմի ժամանակ մինչև վերջին պահը մնացել են հոսպիտալում ու ամեն բան տեսել (Հիմա նրանց եք մեծարում)...
Մի քանի օր առաջ մի աղջկա վրդովմունք էլ տեսա այս թեմայի հետ կապված, դե համարձակվեք իմ գրածին էլ հերքում տալ կամ այլ կերպ ներկայացնել, լավ չեք ճանաչում. դուք հատում եք ամեն ինչի սահմանը։
Դուք շարունակեք ձեր անտակտ գործելաոճը, իսկ մենք շարունակելու ենք միշտ լինել Բանակի կողքին ու հրամանատարիս որդու՝ Արայիս ծառայությամբ հպարտանալ», - գրել է զոհվածի քույրը։