26/04/2021 11:23
Ադրբեջանի առաջադրած բոլոր հակահայկական կետերը դուրս են մղվել. նրանք Եվրանեսթի աշխատանքից բավարարված չեն. Վիկտոր Ենգիբարյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը օրերս մասնակցել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի առցանց լիագումար նստաշրջանին: Հայկական կողմի համար կարևորագույն խնդիր է եղել շեշտադրել ռազմագերիների վերադարձի հարցը:
Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, իմքայլական Վիկտոր Ենգիբարյաի խոսքով՝ այդ հարցի շուրջ եվրոպական գործընկերների շրջանում լայն կոնսենսուս կա:
«Ոչ միայն մեր պատվիրակները, այլև եվրոպացի մի խումբ պատգամավորներ ելույթ ունեցան և նշեցին՝ Ադրբեջանն անպայման պետք է կատարի իր պայմանավորվածությունները», - ասուլիսում ասաց նա:
Ենգիբարյանը նկատեց, որ Ադրբեջանի մեջլիսի նախագահը ելույթ չի ունեցել, ինչը հայկական կողմին հիմք է տվել մտածելու, որ ադրբեջանական կողմը բավարարված չէ Եվրանեսթի աշխատանքից:
«Նրանց առաջադրած բոլոր հակահայկական կետերը տարբեր բանաձևերում դուրս են մղվել», - նշեց Ենգիբարյանը:
Նա նաև ավելացրեց, որ անգամ էներգետիկ հարցերով հանձնաժողովում Ադրբեջանի ներկայացուցիչները փորձում են իրենց բառապաշարով վնասել Հայաստանի շահերը, ինչը, ըստ պատգամավորի, նրանց չի հաջողվում: