27/04/2021 12:45
Եթե հաղթենք, կոալիցիա կազմելու դեպքում պնդելու ենք, որ Գագիկ Ծառուկյանը լինի երկրի ղեկավար. Մելքումյան
«Բարգավաճ Հայաստանում» ընտրացուցակի հարց դեռ չի քննարկվում: Խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի խոսքով՝ դեռ վաղ է:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ «Բարգավաճ Հայաստանն» ընտրություններին միայնակ է գնալու. «Ես հավատում եմ, որ մենք անպայման հաղթելու ենք: Հաղթելու հանգամանքը չի ենթադրում, որ որևէ քաղաքական ուժ 50 + 1 տոկոս ստանալու է: Լինելու է բալանսավորված իշխանություն, բայց Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար: Երկրում օբյեկտիվ նախադրյալներ են ստեղծվել, որ այնպիսի քաղաքական ուժի լիդեր պետք է դառնա ղեկավար, որը երբևիցե իշխանության չի եղել»:
Մելքումյանից հետաքրքրվեցին՝ կոալիցիա կազմելու դեպքում պնդելո՞ւ են, որ Գագիկ Ծառուկյանը լինի երկրի ղեկավար: Ի պատասխան՝ նա ասաց, որ եթե հաղթեն, պնդելու են. «Բա հաղթելու դեպքում ո՞վ լինի»:
Պատգամավորը նաև նշեց, որ կլինեն քաղաքական համախմբումներ, բայց հիմա իրենք չեն խոսում, որովհետև չգիտեն, թե ովքեր ոնց են գալու: