27/04/2021 12:08
Իմ հրամանով Մեղրիի մաքսային պահեստի լիցենզիան դադարեցվել է. խախտումներ են հայտնաբերվել, որոնք անհամատեղելի են գործունեության հետ. ՊԵԿ նախագահ
Մեղրիում գործող մաքսային պահեստում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են գործունեության հետ, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
«Իմ հրամանով մաքսային պահեստի լիցենզիան դադարեցվել է։ Կշտկեն՝ կվերանայենք», - ասաց ՊԵԿ նախագահը։
Նա նշեց՝ խոսքը ռենտգեն սարքավորման մասին է, որն անսարք է եղել։
Հիշեցնենք՝ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ասել էր, թե հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իր ընտանիքին և հարազատներին պատկանող սեփականություններում։
Զաքարյանն այդ ամենը որակել էր որպես քաղաքական հետապնդում։