28/04/2021 14:59
Դո՞ւք եք որոշում՝ ով է խուլիգան, ով՝ ոչ. Աննա Գրիգորյանը պատգամավորներին հորդորեց սյունեցիների մասին խոսելիս խիստ հարգալից վերաբերմունք դրսևորել (Տեսանյութ)
Իհարկե, այս ամբիոնից կարելի է ասել՝ սյունեցին պետք է այսպիսին լինի, և այնպիսին չպետք է լինի։ Ինչ է, դո՞ւք եք որոշում՝ ինչպիսին պետք է լինի սյունեցին, որակումներ մի՛ տվեք. ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Դո՞ւք եք որոշում՝ ով է խուլիգան, ով՝ ոչ։ Խնդրում եմ շատ զգույշ լինել, երբ խոսում եք մարդկանց մասին։ Այս երեք տարիների ընթացքում մենք սևի և սպիտակի բաժանեցինք մեր հասարակությանը և հիմա այն ներմուծում ենք նաև Սյունիքի մարզ՝ ասելով, որ կան լավ սյունեցիներ, որոնք մեր կողքին են, և կան ոչ այնքան լավ՝ վատ սյունեցիներ, որոնց հակաէսթետիկ բառապաշարով ենք սկսում նկարագրել: Այդպես խոսողներին ես կառաջարկեի գնալ Սյունիք, կանգնել Շուռնուխում և խոսել նման կերպ», - ասաց Աննա Գրիգորյանը։
Նա ասաց, թե երկրում թիվ մեկ խնդիրը պետք է համախմբումը լինի, ոչ թե հերթական անգամ բաժանարար գծեր անցկացնելը:
Աննա Գրիգորյանն անդրադարձավ նաև իմքայլական Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը՝ թե «պետք ա բերման ենթարկվեն, այ տենց ստորացնելով բերման ենթարկվեն»:
Գրիգորյանը հիշեցրեց, որ ԱԺ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։ Նա նշեց, որ դիմել է խմբակցություններին՝ խնդրելով ԱԺ նախագահին առաջարկել էթիկայի հանձնաժողով ստեղծել։
«Առհասարակ, սյունեցիների մասին խոսելիս խիստ հարգալից վերաբերմունք դրսևորեք», - ասաց պատգամավորը։