28/04/2021 11:33
Արթուր Վանեցյանին հրավիրել են բացատրություն տալու. փաստաբանը պնդում է՝ քաղաքական հետապնդում է
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն բացատրություն տալու, իբր, Շուշիի դիրքերը լքելու մասով։
Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանն Aysor.am-ին ասաց, որ նախապատրաստվել են նյութեր:
«Ակնհայտ է, որ քրեական գործ չի կարող լինել ու չի կարող հարուցվել քրեական գործ, եթե օրինական լուծում տրվի։ Այս ամենը, ինչ մենք տեսնում ենք պարոն Վանեցյանի շուրջ՝ բազմաթիվ քրեական գործեր, նյութեր, որոնց մի մասը հարուցվել է, մի մասը՝ մերժվել, խոսում է նրա մասին, որ ուղղակի նպատակ կա քաղաքական հետապնդում իրականացնել Արթուր Վանեցյանի նկատմամբ, դա կապված է նրա քաղաքական գործունեության հետ, առավել ևս, այս փուլում, երբ հայտարարվել է, որ կլինեն ընտրություններ, բնականաբար, այս ամենը, նրա դիրքորոշումը՝ կապված իշխանության հետ, հանգեցնում է նրան, որ բազմաթիվ քրեական գործեր են հարուցում մեկ նպատակով՝ քաղաքկան հետապնդում իրականացնել», - ասաց Լուսինե Սահակյանը։
Փաստաբանը պնդեց՝ եթե իրավական գործընթաց լինի, բնականաբար, քրեական գործ չի կարող հարուցվել։
Արթուր Վանեցյանի պաշտպանն ասաց, թե իր պաշտպանյալի բացատրությունից մանրամասներ չի կարող ներկայացնել։
«Սակայն ակնհայտ է՝ այն, ինչում կարող է կասկածվել Արթուր Վանեցյանը, իրականում գոյություն չունի ու չէր էլ կարող նախապատրաստվել նյութեր», - հավելեց Սահակյանը։
Այս դեպքի հետ կապված դեռևս նոյեմբերին Արթուր Վանեցյանը հայտարարել էր՝ ինքն ու իր ջոկատը որևէ դիրք չենք լքել, եղել են ամենածանր դիրքերում՝ ՊԲ հրամանատարի անմիջական ցուցումով։
«Եղել ենք թե Շուշիի մերձակայքում, թե Շուշի քաղաքում, թե այլ խրամատներում: Ամսի 8-ին, երբ արդեն պարզ էր, որ ռազմական գործողություներն ավարտված են, ես գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին հարցրել եմ՝ ինչ ունենք այդ պահին անելու: Նա ասել է՝ ոչ մի բան: Դրանից հետո մենք զորախմբով վերադարձել ենք Հայաստան», - ասել էր Վանեցյանը։